ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀՆԱՄԵՆԻ ՈՒՌԵՆԻՆ ԵՎ ՊԵՏԵՎԱՆԻ ՄԱՀԱՐՁԱՆԸ

ՀՆԱՄԵՆԻ ՈՒՌԵՆԻՆ ԵՎ  ՊԵՏԵՎԱՆԻ ՄԱՀԱՐՁԱՆԸ
24.02.2012 | 00:00

Քանաքեռում` ճամփեզրի խաղաղ ու «աշխարհից մոռացված» մի անկյունում է գտնվում Պետևանի նշանավոր մահարձանը (1265 թ.): Ցանկապատված այդ տարածքը, որտեղ տեղադրված է ևս 8 խաչքար, ժողովուրդը կոչում է Ամենափրկչի մատուռ:
Խաչքարը Երևանի այն սակավաթիվ հուշարձաններից է, որոնք երկրաշարժերի ժամանակ չեն կործանվել և հասել են մեզ: Արձանագրությունից հայտնի է դառնում, որ հեղինակի անունը Մխիթար է։
Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ հուշարձանը վտանգված է: Տեղի բնակիչներն ահազանգում են, որ հնամենի ուռենին թեքվել է մահարձանի վրա, արդեն մի մեծ կտոր ցած է ընկել, վտանգված են նաև տարածքի մյուս խաչքարերը: Նրանք անգամ ստորագրահավաք են անցկացրել` պատկան մարմինների ուշադրությունը խնդրի վրա սևեռելու հույսով:
«Քառասուն և ավելի տարվա ուռենի է, հիմքը` փտած, մարդիկ ամեն օր սպասում են, որ մեռած ծառը կընկնի: Զանգեցի թաղապետին, ասաց` մարդ կուղարկեմ, երկու րոպե հետո նորից զանգեց` մենք մեր տարածքում վթարավտանգ ծառեր չունենք, ուզում եք` ձեր մի զանգով վազենք կտրե՞նք ծառը, սպասեք գարնանը»,- տեղեկացրեց ՄԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, մտավախություն հայտնելով, որ գարնանը գուցե ուշ լինի: Հուշարձանի վտանգված լինելու լուրը մտահոգել էր նաև պատմական գիտությունների դոկտոր ՀԱՄԼԵՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ով անձամբ գնացել, համոզվել է, որ լուրջ խնդիր չկա:
«Շատ էի անհանգստացել, որովհետև այս խաչքարը մեր լավագույն կոթողներից է,- ասաց նա:- Բարեբախտաբար, հուշարձանին անմիջական վտանգ չի սպառնում: Շուրջն աճած ծառերը ծերացել են, բնակիչներն անհանգստություն են հայտնել, որ մի օր դրանցից մեկը կարող է փլվել: Երբ ուռենին 50 տարեկան է դառնում, ենթակա է կտրման, դա ուրիշ հարց է: Գարնանը գուցե արժե մասնագետ հրավիրել` պարզելու, իրո՞ք ծառերից որևէ մեկը կարող է ընկնել»:
Հարցը օդում չթողնելու, կանխատեսումներից ազատվելու համար բնապահպանության նախարարության որևէ մասնագետ կարող է զննել ծառերն ու վճռորոշ կարծիք հայտնել: Համլետ Պետրոսյանը համաձայնեց այս դիտարկմանը, նաև նշեց, որ Պետևանի մահարձանը հայտնի խաչքար է, կարևորվում է և՛ կառուցվածքով, և՛ արձանագրություններով: «Միջնադարյան Հայաստանի ամենաընդարձակ առևտրային պայմանագիրն է ստորագրված խաչքարի վրա, փորագրված են նաև մարդկային զանազան ֆիգուրներ, մի հանրագիտարան է այդ խաչքարը»,- ասաց նա:
Փորձեցինք ճշտել նաև, թե որտեղից է ծագել «Ամենափրկչի մատուռ» անվանումը (տեղի բնակիչները գրեթե ոչինչ չգիտեն այս մասին): Ժողովրդական զրույցի համաձայն` «մատուռի» անվանումը կապված է մի բարի մարդու հետ, ում Ամենափրկիչ են կոչել: Համլետ Պետրոսյանի խոսքով` Ամենափրկիչը Քրիստոսն է և նրա խաչը, և քրիստոնեության համատեքստում նման մակդիրն ուղղակի բացառվում է: «Տեղում այսօր մատուռի հետքեր չկան, որմնափակ խաչքարի արձանագրությունները խաչքարը չեն բնորոշում որպես Ամենափրկիչ: Մնացած խաչքարերն այստեղ են բերվել մոտ 200 մ հեռվից, երբ գերեզմանոցի միջով ճանապարհ են անցկացրել: Ընդհանրապես, սա Քանաքեռի պատմական գերեզմանոցի մի մասն է, և հնարավոր է, որ ժամանակին նույնանուն եկեղեցի է եղել»,- ասաց նա:
Մի բան հստակ է` խորհրդային տարիներին փակված են եղել եկեղեցիները, և մարդիկ ընտրել են այս վայրը` մոմ վառելու, Տիրոջ հետ հաղորդակցվելու համար: Շատերը չգիտեն անգամ, որ «Ամենափրկչի մատուռ» կոչվող տարածքն իրականում դամբարան է: Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ տեր ՍԱՀԱԿ ավագ քահանան ասաց, որ քարոզների ժամանակ իր ծխի անդամներին տեղեկացնում է այդ մասին, այնուամենայնիվ, շատերը գերադասում են սրբատեղի դարձած այդ վայրը, որովհետև ճանապարհին մոտ է, կամ սովորույթի ուժն է հաղթում:
Հուսանք, որ երկրաշարժերից փրկված, հազարավոր աղոթքներով մեզ հասած Պետևանի հուշարձանը չի վնասվի իր հարևանությամբ այդքան տարիներ ապրած հնամենի ծառերից:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5447

Մեկնաբանություններ